Երեւանում այսօր` մայիսի 5-ին ժամը 03:00-ի սահմաններում Արգիշտի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել 2 ավտոմեքենա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում միմյանց են բախվել 30-ամյա Լուսինե Ավդալյանի վարած «Նիսսան» մակնիշի 24 ՕՍ 782 համարանիշի եւ 33-ամյա Ռոբերտ Ներսիսյանի վարած «Կիա» մակնիշի 748 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը, ով աշխատում է «Արսեն եւ Երվանդ» ՍՊԸ-ում, եւ «Կիա»-ի ուղեւորներ 74-ամյա Վահան Միրաքյանը, 63-ամյա Վարդուհի Հովհաննիսյանը, 65-ամյա Գագիկ Կոստիկյանը եւ 62-ամյա Էլյանորա Կոստիկյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով, «Նիսան»-ը դուրս էր եկել հանդիպակած գոտի եւ բախվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղադրված բետոնե ծաղկամաններին:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:
Ի դեպ, «Նիսսան»-ի ուղեւորը` երիտասարդ մի տղա ոչ սթափ վիճակում էր եւ փորձում էր ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին եւ քննիչին համոզել, որպեսզի ավտոմեքենան չտեղափոխվի տուգանային հրապարակ:







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























