Հայ ազգային կոնգրեսն իր հեղինակությունը փրկելու երկու շանս ունի`պետք է զիջի իր մոնոպոլ դիրքը եւ պահանջի արտահերթ նախագահական ընտրություններ` ամբողջական կապիտույլացիայի ենթարկելով գործող վարչակազմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 5-ին` Կարլ Մարքսի ծննդյան տարեդարձի օրը հայտարարեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` ընդգծելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ներկա պահին անիմաստ եւ ուշացած է:
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտի համախմբումն այսօր պատմական անհրաժեշտություն է, իսկ համախմբումը պետք է տեղի ունենա ոչ թե ինչ-որ անձի կամ ուժի, այլ «նորին մեծություն իմպերատրիցա իդեալոգիայի» շուրջ:
Ըստ Հակոբյանի` «լիդերամանիային» պետք է վերջ տալ, քանի որ այն խանգարում է ընդդիմադիր դաշտի համախմբմանը: Նա, անդրադարձավ նաեւ ՀԱԿ-իշխանություն հարաբերություններին, նշելով, որ «Սերժ Ազատիչը վիրտուոզ խաղաց ընդդիմության հետ թղթախաղի պարտիան»: Ըստ մարքսիստի` այնպիսի փորձված գայլ, ինչպիսին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, զարմանալիորեն կուլ տվել Սերժ Սարգսյանի «կեղծ խոստումների խայծը» եւ մեծ հարված հասցրեց ՀԱԿ-ի վարկանիշին` զրկելով նրան իր մոնոպոլ դիրքից: «Ազատիչը Լեւոն Տեր-Պետրոսյանին սարքեց դհոլ Արտաշ»,-հայտարարեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակ առաջ «Դատարկ դհոլ» էր կոչել «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանին: «Դհոլ Արտաշ» ասելով Դավիթ Հակոբյանը նկատի ուներ հենց նրան` Գեղամյանին:





























