Այն դեպքերում, երբ անձը մահացել է, սակայն նրա անունով շարունակվում է կենսաթոշակ վճարվել, կհարուցվեն քրեական գործեր, ու այդ գործերով կզբաղվեն իրավապահները։ Այսօր՝ մայիսի 5-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։

Բացի այդ՝ «Փարոս» համակարգով կեղծ տեղեկանքների հիման վրա ընտանեկան նպաստ ստացող անձինք եւս կենթարկվեն պատասխանատվության։ «Իրականացվում են լրջագույն բարեփոխումներ։ Կոռուպցիոն ռիսկեր դեռեւս կան, ընտանեկան նպաստի համակարգը պահանջում է լուրջ ուշադրություն, եւ մենք արդեն սկսել ենք բարեփոխումը եւ իրականացրել ենք որոշակի քայլեր»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ա. Գրիգորյանը՝ խոստանալով առաջիկայում հրապարակել նպաստի համակարգից դուրս մնացած ընտանիքների վերաբերյալ տեղեկատվություն։

Այն անձինք, որոնք անօրինական կարգով նպաստ կամ թոշակ են ստացել, ստիպված կլինեն, ըստ նախարարի, հետ վերադարձնել գումարները։ Գործող օրենսդրությամբ, եթե գումարները հետ են գանձվում, այլեւս տվյալ անձը պատասխանատվության չի ենթարկվում։ Սակայն կառավարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություն, որով համապատասխան պաշտոնատար անձինք նույնպես պատասախանատվություն կկրեն։