Քիչ առաջ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքից տարհանվել է ողջ անձնակազմը:

Ինչպես NEWS.am-ին դատարանի մոտից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը անգամ ոստիկանական ավտոմեքենան դատարանից քննչական մեկուսարան է տեղափոխել դատարան բերված կալանավորներին:

Անհայտ անձը զանգահարել է դատարան եւ հայտնել, որ դատարանի շենքում ռումբ կա եւ այն պետք է պայթի:

Դեպքի վայր են ժամանել ԱԱԾ աշխատակիցները` շներով եւ արդեն սկսել են շենքի ներսում որոնողական աշխատանքները:

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Կնետրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այստեղ են ժամանել նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության, Երեւան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ, նաեւ Կենտրոն- Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները, այդ թվում Գագիկ Պողոսյանը, Ռուբեն Ներսիսյանը, Մխիթար Պապոյանը, Մնացական Մարտիրոսյանը, Գագիկ Խանդանյանը, Գագիկ Ավետիսյանը, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, դատարանի կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցները` ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ:

Դատավորներն այս պահին շենքի բակում կանգնած են:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի