«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերը Հայաստանում երբեւէ իրականացված ամենահաջող ծրագրերից են: Այս մասին այսօր` մայիսի 5-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Դ. Յոհաննեսը Հայաստան է ժամանել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված 5-ամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:

 «Շատ կարեւոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,-ասել է նախագահը: Նա նշել է նաեւ, որ ե՛ւ ինքը, ե՛ւ կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ դրանց նկատմամբ հասարակական լավ ընկալում կա:

ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Հիմնադրամը ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտապես զգացել է Սերժ Սարգսյանի օժանդակությունը ե՛ւ վարչապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում, ե՛ւ երկրի ղեկավարի պաշտոնում: «Ես եկա, որպեսզի ականատես լինեմ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված առաջընթացին: Առիթ ունեցա այցելելու եւ հանդիպելու շահառուներին ու հողագործներին, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ մենք վերանորոգել, վերականգնել ենք ջրանցքները: Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաեւ ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»,- ասել է Դենիել Յոհաննեսը: