«Ժառանգություն» կուսակցությունը ո՛չ խանդով, ո՛չ էլ առավել եւս նախանձով չի վերաբերում իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հայտնած այն  միտքը, թե «Ժառանգությունը» նախանձով է վերաբերում Հայ ազգային կոնգրեսի հետ իշխանությունների հնարավոր համագործակցությանը։

«Հանրապետական պատգամավորի նման դիտարկումներն ուղղակի զավեշտ են։ ՀԱԿ-ի առաջնորդը եւ ՀՀԿ-ական պատգամավորը խոսում են նախանձողներից ու խանդողներից, սակայն մեզ համար ամենեւին միեւնույնն է՝ իրենք ո՞ւմ հետ, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում կհանդիպեն, ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս առումով միայն կմեջբերեմ հայտնի ֆիլիմի ֆրազը. «Женитесь, топитесь, делайте, что хотите – море рядом!»։ Մեզ համար շատ կարեւոր է, որ եթե իշխանություններն ու ընդդիմությունը ինչ-որ խնդիրներ են լուծում, ապա գիտակցեն, որ այդ խնդիրները վերաբերում են ողջ հասարակությանը. դա մարտի 1-ն է, քաղբանտարկյալներին  ազատ արձակելը, քաղաքական համակարգի բարեփոխումները։ Այդ խնդիրները պետք է լուծվեն այնպես, որ շահեկան լինեն ոչ միայն ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, այլ նաեւ ողջ ժողովրդի համար»,- ամփոփեց «Ժառանգության» պատգամավորը։

Նշենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշել էր, որ թեւե իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն չկա, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք նախանձով են վերաբերում իրենց հնարավոր համագործակցությանը։ «Այդ ուժերի մեջ է օրինակ «Ժառանգություն» կուսակցությունը եւ մի քանի այլ ուժեր, որոնց ձեռնտու է ոչ թե իշխանության եւ ընդդիմության միասնականությունն ու համերաշխությունը, այլ բեւեռացումն ու անհաշտությունը»,- ասել էր նա։