Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։
Զանգեզուրի կոմբինատը վճարել է 7,450 մլրդ դրամ հարկ, որը 6,1 անգամ գերազանցում է 2010 թ. առաջին եռամսյակում վճարված հարկերի չափին։ Ակնհայտ է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող ընկերությունը դուրս է եկել ֆինանսական ծանր վիճակից։ Ընկերության հաջողությանը նպաստել է նաեւ պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների բարձր մակարդակը։ 2011 թ. ընթացքում պղնձի գինը կայուն բարձր է 1տոննա/9000 դոլար մակարդակից։
Վճարված հարկերի ծավալով Զանգեզուրի կոմբինատին շատ քիչ է զիջում նախորդ տարվա խոշորագույն հարկատուն՝ «Հայռուսգազարդը»՝ 7,35 մլրդ դրամ։ Ընդ որում՝ «Հայռուսգազարդը» նույնպես ավելացրել է վճարված հարկերի ծավալը՝ մոտ 40 տոկոսով։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակի մյուս ընկերությունները նախորդ տարվա համեմատ էապես չեն փոխել հարկերի ծավալը։ Խոշոր հարկատուներից երրորդը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն» է՝ 4,5 մլրդ դրամ։
«Արմենտելը» 3,1 մլրդ դրամով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Նրան հետեւում է հեռահաղորդակցության մյուս գիգանտը՝ «Ղ-Տելեկոմը»՝ 2,4 մլրդ դրամով։ «Օրանժ Արմենիան» եւս խոշոր հարկատու է եւ 1,28 մլրդ դրամ ցուցանիշով 11-րդ տեղում է։
Այս տարի իր դիրքերը էապես զիջել է նավթամթերք նեմուծող «Ֆլեշ» ընկերությունը։ Բենզինի եւ դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք գրավողը վճարել է 1,9 մլրդ դրամ՝ մոտ 30 տոկոսով ավելի քիչ, քան 2010 թ.։ Դրա հետեւանքով «Ֆլեշը» կորցրել է առաջատար հարկատուի իր դիրքը՝ տեղ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականում, այնինչ նախորդ տարի նրանք չորրորդն էին։ Բենզինի շուկայի մյուս առաջատարը՝ «Սիթի պետրոլ գրուպը» ավելի կայուն վարքագիծ ունի եւ 2,1 մլրդ դրամով պահպանել է 6-րդ հորիզոնականը։
Ինչպես եւ նախորդ տարիներին՝ խոշոր հարկատու է շարունակում մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝՝ 2 մլրդ դրամ եւ 7-րդ հորիզոնական։





























