«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» 120 սաները մայիսի 5-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես են եկել համերգային ծրագրով, նկարչական և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցադրությունով: Նրանք այսպես են տոնել իրենց Կենտրոնի ստեղծման 20-ամյակը: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` միջոցառմանը ցուցադրվել են խեցեգործության, կերպարավեստի, գորգագործության, փայտարվեստի նմուշներ, որոնք բացառապես երեխաների աշխատանքն է: Մշակույթի նախարարության կողմից շնորհակալագրերի եւ պատվոգրերի արժանացան հատուկ դպրոցների տնօրենները:
Նշենք, որ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը ստեղծվել է 1991թ. Մշակույթի Նախարարության կողմից: Ստեղծագործական կենտրոնում ուսուցումն անվճար է,երկրի տարբեր մանկատներից եւ հատուկ դպրոցներից 650 երեխա ընդգրկված է կենտրոնի բաժիններում։ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ում գործում են հետեւյալ բաժինները` երգեցողության, երաժշտության, պարարվեստի, կերպարվեստի, կիրառական արվեստի, տնայնագործական արհեստ-արվեստների, թատերական եւ ասմունքի բաժիններում։





























