ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ այցով ժամանել է Նյու Յորք: Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացումից ընդամենը մի քանի օր անց ԱՄՆ նախագահը ծաղկեպսակ է դրել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրին: Նախագահը նաեւ հանդիպել է զոհվածների հարազատներին, ահաբեկչության վայրում աշխատած հրշեջներին ու փրկարարներին:
Սա Բարաք Օբամայի առաջին այցն է կործանված Առեւտրի համաշխարհային կենտրոնի տարածք նախագահի կարգավիճակով: Նա, սակայն, զերծ է մնացել որեւէ հայտարարություն անելուց:
Նրա նախորդը` Ջորջ Բուշ-կրտսերը հրաժարվել էր Օբամայի հետ այցելել Գրաունդ-Զիրո, պատճառաբանելով, թե Սպիտակ տունը լքելուց հետո ձգտում է խուսափել հրապարակային միջոցառումներից:





























