Իշխանությունների կողմից  փոփոխություններ կատարելու մասին խոստումները սին են ու  փուչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 6-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ «Ժառանգության» պատգամավորների, ինչպես նաեւ ԱԺ «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի  գործերով դատավարությունները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս կիրառվում է հեռախոսային արդարադատությունը եւ դատական համակարգը բարեփոխելու իրական ցանկություն իշխանությունը բնավ չունի:

«Մենք տակավին չենք տեսնում, որ Հայաստանում կա քաղաքական կամք լուրջ բարեփոխումների համար: Թող ոչ ոք հույս չունենա, որ մենք կողջունենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու խնդրի լուծումը, քանի որ, ինչպես տեսանք, այն տրամադրվում է ուժերին, որոնք կոռեկտ հավաքներ են իրականացնում»,- հայտարարեց Սաֆարյանը:

Առկա իրավիճակից  դուրս գալու միակ ելքն, ըստ նրա, Սահմանադրական հանրաքվեի նախաձեռնումն է` ինչպես առաջարկել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

NEWS.am-ի ճշտմանը, թե Սահմանադրական բարեփոխումները պետք է անցկացվեն գործո՞ղ, թե՞ նոր իշխանության օրոք, Սաֆարյանը հստակեցրեց, թե ցանկալի կլինի, որ ամեն ինչ արվի նոր իշխանության օրոք: «Բայց չի լինում այնպես, որ մի օր արթնանանք ու տեսնենք նոր, լավ իշխանություն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լայն պարագծով կոնսենսուսի հասնել համակարգի փոփոխության համար»,– ընդգծեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Ըստ նրա` Սահմանադրական նոր հանրաքվեի թեման պետք է լինի հակակշիռների եւ զսպումների մեթոդի ամրագրումը, որն այսօր խախտված է: Ըստ Սաֆարյանի` զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի բացակայության արդյունքում տեղի է ունեցել իշխանության գերկենտրոնացում մեկ անձի` ՀՀ նախագահի ձեռքում: