Շաքարավազի միջազգային շուկայում դիտարկվում է լարվածության որոշակի չեզոքացում:  Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի այսօր՝ մայիսի 6-ին հրապարակած երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

Չնայած շաքարավազի միջազգային կազմակերպությունը 2010-2011 մարքեթինգային տարվա համար նվազեցրել է արտադրության կանխատեսվող ծավալները մինչեւ 167.8 մլն տոննա, ենթադրվում է, որ հիմնական արտահանող երկրներում ակնկալվող արտադրության ավելցուկը կբավարարի անհրաժեշտ լրացուցիչ պահանջարկը: Վերջինս էլ կպայմանավորի կանխատեսվող ժամանակահատվածում շաքարավազի գների որոշակի նվազում՝ մինչեւ 1 ֆունտի (0,4535 կգ) դիմաց 28 ԱՄՆ ցենտի սահմաններում:

Ըստ Նյու Յորքի առեւտրի խորհրդի հրապարակած շաքարավազի միջազգային գների ինդեքսի` 2011 թ. առաջին եռամսյակում գրանցվել է շաքարավազի գների 2.6 տոկոս նվազում, ինչի արդյունքում շաքարավազի միջին գինը կազմել է 34.7 ցենտ՝ ֆունտի դիմաց: Չնայած այս շուկայում պահպանվող լարվածությանը՝ 2011 թ. առաջին եռամսյակի ընթացքում շաքարավազի գները հիմնականում ունեցել են նվազման միտումներ` մարտի վերջին կազմելով շուրջ 31 ցենտ՝ ֆունտի դիմաց:

Նշենք, որ 2011 թ. առաջին եռամսյակում շաքարավազի մանրածախ գները Հայաստանում դրսեւորել են աճի միտում։ Ապրիլին 2010 թ. դեկտեմբերի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, շաքարավազը Հայաստանում թանկացել է մոտ 11 տոկոսով։

Մանրածախ առեւտրի օբյեկտներում այսօր՝ մայիսի 6-ին շաքարավազը վաճառվում էր 1 կգ-ը 380-90 դրամով (մոտ 1 դոլար)։