Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիան պատրաստվում է Հայաստանում ստեղծել հեղինակային իրավունքի պաշտպանության կոմիտեն: Այս մասին այսօր` մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանն եւ «Հայհեղինակ» ընկերության ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը:

Խաչատուր Մառոզյանի խոսքով`իրենք ստեղծելու են շուրջօրյա թեժ գիծ, որին ահազանգելու եւ իրենց բողոքներն են հայտնելու քաղաքացիները:

Նրանք առաջարկում են բողոքի հիման վրա կիրառել պատժիչ միջոցներ: «Պետք է առաջարկներ ներկայացնեն օրենսդիր մարմիններին` փոփոխություններ մտցնել օրենքում` տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին»,- ասաց խաչատուր Մառոզյանը, հավելելով, որ հեղինակային իրավունքի պաշտպանվածության հետ կապված մեզանում խնդիրներ կան, օրենքի իրականցման մեխանիզմներ չկան: «Ոլորտում տարիներ շարունակ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոլորտում տեղաշարժ չկա, արվեստագետները, շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ այլ հայտնի անձինք եւս փաստում են, որ իրենց հեղինակային իրավունքները պաշտպանված չեն եւ արդեն հաշտվել են դրա հետ»,- ասաց Խ. Մառոզյանը: