Հայաստանում ոչ թե Ազգային ժողովն է  որոշում, թե ինչպիսին պետք է լինի կառավարությունը, այլ կառավարությունն է որոշում թե ինչպես պետք է իրեն պահի Ազգային ժողովը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով Հայաստանում իշխանության օղակների գործունեության տրամաբանությանը:

Ավելին, ըստ նրա, կառավարությունն է որոշում, թե ովքե՞ր են որպես պատգամավոր ոտք դնելու ԱԺ: «Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության օրինագծերն անգամ ցույց են տալիս, որ երկրում խախտված է իշխանությունների հակակշռման համակարգը: ԱԺ մեծամասնությունն իրավուք չունի Մայր օրենք ներկայացնել, քանի որ Կառավարությունը դեղին քարտ ցույց կտա»,-հայտարարեց Սաֆարյանը:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որպես օրինակ նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազը կարող է  Քրեական դատավարության օրենսգրքի խախտմամբ հատուկ ցուցումներ տալ ԱԱԾ-ին` այդ կառույցի վարույթում քննվող հատուկ գործերի առնչությամբ:

Ըստ Փոստանջյանի, պետական համակարգի առողջացման հիմնական դերակատարն անկախ դատարանն է, որը, սակայն, այսօր ի վիճակի չէ իրականացնել իր ֆունկցիան`զրկելով պետական մարմնին իմունիտետից: Սա, ըստ նրա, իշխանության թեւերի` օրենսդիր, գործադիր, դատական, ոչ անկախ լինելու հետեւանք է: