Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում հնչել են կրակոցներ, որի հետեւանքով քաղաքացին հրազենային վնասվածքներով հիվանդանոցում մահացել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։
«Ժամը 17։10 քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցում՝ շուկայի հետեւի շենքերից կրակոցի ձայներ են լսվում, 17։20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ մի տղամարդ է տեղափոխվել»,- ասաց Գաբրիելյանը եւ հավելեց, որ քաղաքացին մահացել է։
Նա հայտնեց, որ Ոստիկանության օպերատիվ խմբերը դեպքի վայրում են։ Կրակոցի դրդապատճառների եւ այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չկա։





























