Հունիսի 10-ին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն եւ մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետեւելու եւ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

Իրականացված գործառույթների եւ մշտադիտարկման ընթացքում հատնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ եւ թերություններ։ Հիմնական խախտումները հետեւյալն են՝ միկրոավտոբուսի առջեւի նստատեղին ուղեւորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղեւորի նստեցումով, արձանագրվել են առանց դիմակի ուղեւորների փոխադրման, սրահում ախտահանիչ հեղուկի բացակայության, ինչպես նաեւ գերբեռնված ուղեւորափոխադրման դեպքեր։

Տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնողների դեպքում կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղեւորի նստեցումով, ինչպես նաեւ եղել են ուղեւորներ, որոնք չեն կրել դիմակներ:

ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել  են բացատրական եւ իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները անհապաղ շտկելու եւ վերացնելու ուղղությամբ։

Միաժամանակ նշենք, որ մշտադիտարկումները եւ վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով իրականացվում են նաեւ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում եւ  հանրապետության բոլոր մարզերում:

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ստեղծված իրավիճակից ելնելով, հորդորում է խստագույնս հետեւել բոլոր ցուցումներին եւ անվտանգության կանոններին։