Գյուղացուն վաճառվող ազոտական պարարտանյութի բարձր գինը երկար տարիներ քննարկվող թեմաներից մեկն է: Շուկան միշտ էլ աչքի է ընկել գնի բարձր տատանողականությամբ, թեեւ հանրապետություն միշտ էլ ներմուծվել է բավարար քանակությամբ պարարտանյութ; Օրինակ, այսօր գյուղացին մեկ պարկ (50 կգ) ազոտական պարարտանյութը կարող է ձեռք բերել 7-10 հազ. դրամով, ինչը շատ մեծ տարբերություն է:

Ա յս հանելուկը կարծես թե ստանում է իր բացատրությունը: Խնդիրը պարարտանյութի վաճառքի մեխանիզմի մեջ է; Գյուղատնտեսական նպատակներով վաճառվող պարարտանյութը ազատված է ավելացված արժեքի հարկից, սակայն պետեկամուտների կոմիտեն մի կարգ է սահմանել, ըստ որի` այդ արտոնությունը գործում է այն ժամանակ, երբ համայնքի ղեկավարը մատակարարին ներկայացնում է տեղեկանք կամ լիազորագիր: Հենց այդ տեղեկանքն էլ դարձել է չարաշահումների հիմնական պատճառ, քանի որ պարարտանյութ ներմուծողները չեն կարողանում պարարտանյութը վաճառել անմիջապես գյուղացուն, իսկ համայնքի ղեկավարի կողմից ներկայացվող տեղեկանքները միշտ չէ, որ հավաստի են: Այստեղ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկեր, իսկ մինչ այդ գյուղացիության մի զգալի հատված կրում է վնասներ:

Խնդիրը հայտնվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության ներքո: Կատարված հետազոտության արդյունքները հրապարակվեցին այսօր; Ըստ այդմ` պարարտանյութի շուկայում գործում են 5 ընկերություններ, որոնցից 3-ն ունեն գերիշխող դիրք`«Քեթրին գրուպ», «Ագրիմատկո Արմենիա» եւ «Մասիսի բերրիություն»: Միասին այս երեքը տիրում են շուկայի 76 տոկոսին: Նշենք, որ մի քանի տարի առաջ այստեղ գերիշխող էին ճանաչված այլ ընկերություններ` «Ազոտ ինվեստ» եւ «Դվին հոլդինգ»: Հավանաբար այն պատճառով, որ կառավարությունը դադարեցրեց պարարտանյութի գնի սուբսիդավորումը, այս ընկերությունները դուրս եկան շուկայից:

«Քեթրին գրուպի» գլխավոր հաշվապահ Յուրի Աֆյանն էլ հանձնաժողովի նիստում մեղադրեց համայքների ղեկավարներին` ոչ պատշաճ տեղեկանքներ ներկայացնելու համար; Նա եւ մյուս ընկերությունների ներկայացուցիչները հրապարակավ խոստացան ազոտական պարարտանյութի 1 պարկը գյուղացուն վաճառել 7000 դրամով անսահմանափակ քանակությամբ, միայն թե վերացվի համայնքապետի լիազորագրով վաճառքի մեխանիզմը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ի պատասխան ասաց, որ հարցը քննարկվում է կառավարությունում:

NEWS.am-ի հետ զրույցում «Քեթրին գրուպի» ներկայացուցիչը նշեց, որ այս տարի ազոտական պարարտանյութերի նկատմամբ պահանջարկը աճել է: «Եթե թույլ տրվի ազատ վաճառք իրականացնել, ապա ինքներս պարարտանյութը կտանենք գյուղեր ու կառաջարկենք գյուղացուն մեծածախ գներով»,- ասաց Յ. Աֆյանը:

 

Սամվել Ավագյան