Մեր գործընկերները տեղափոխվել են աշխատելու կորոնավիրուսային կենտրոններում, այդ պատճառով շտապօգնության ծառայության աշխատակիցների թիվը կրճատվել է։ Այս մասին հունիսի 11-ին պարետատան նիստից հետո հայտարարեց շտապ վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գեւորգյանը։
Նա հավելեց, որ աճել է կանչերի թիվը, որոնցից շատերը կապված են բարձր ջերմության եւ կորոնավիրուսով վարակվելու հավանականության վախի հետ։
Նրա խոսքերով, հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնց ջերմությունը մինչեւ 38 աստիճան է, թթվածնով արյան հագեցվածությունը կազմում է 93 եւ ավելի տոկոս։ «Այն քաղաքացիները, ում առողջական վիճակը նկարագրածից ավելի լավ է, ենթակա են պոլիկլինիկաներում բուժման, եւ այդ աշխատանքի հսկայական մասը դրված է շտապօգնության աշխատակիցների ուսերին, քանի որ մարդիկ չեն ուզում դիմել պոլիկլինիկա եւ սպասել, իսկ ոմանք հոգեբանական աջակցության կարիք ունեն՝ վարակից վախի պատճառով»,- նշեց նա։




























