2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի 4 աշխատակիցներ վիճաբանության ահազանգով մեկնել են Երեւան քաղաքի Նոր-Արեշ 11-րդ փողոցի 133-րդ հասցե, որտեղ նույն հասցեի 52-ամյա բնակիչը՝ որը նախկինում եղել է ոստիկանության աշխատակից, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել է իր տան մուտքի դիմաց ավտոմեքենան կայանած վարորդի հետ: Նկատելով ոստիկանության աշխատակիցներին 52-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, քաշել եւ վնասել է ոստիկաններից մեկի համազգեստը, ձեռքով հարվածներ հասցրել նրանց դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանները ճանաչվել են տուժող, վերջիններիս վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերեւույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։





























