Մենք այսօր ունենք քաղաքակրթական խնդիր, որի մասին միշտ եմ խոսել. մենք հերթ կանգնելու պրոբլեմ ունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մինչեւ հիմա հերթ կանգնելու խնդիրն ազդում էր մեր տրամադրության վրա, հիմա ազդում է մեր առողջության վրա: Հերթ կանգնելու պրոբլեմը ինչքան է ազդում մեր տնտեսության վրա: Դա կուլտուրա է: Այս ճգնաժամից ամենամեծ օգուտը քաղաքակրթականն է, որ մենք դիմակով չգնանք մեր ծանոթին տեսնենք, դիմակը հանենք, պաչենք, հետո նորից դիմակը դնենք: Ես չեմ հասկանում, որ դիմակը ծնոտի տակ, մարդիկ իրար քիթ մտած խոսում են: Դուք ուզում եք ասել, որ այդ մարդը լավ նիզնես է անելո՞ւ: Չի կարող անել:
Այդ մարդը ես եմ, ուրիշին չեմ ասում, ինձ եմ ասում: Սա խոսակցություն է ինքներս մեզ հետ: Մինչեւ մենք այս քաղաքկրթական հարցը չլուծենք, ոչ մի այլ հարց չենք կարողանալու լուծել:
Եթե քցելը, քերելը, շուստրիություն անելը, խաբել, ֆռցնելը մեզ համար նորմալ է… որովհետեւ եթե մարդը դիմակը ծնոտի տակ փողոցում քայլում է, տեսնում է դիմացից ոստիկան է գալիս, դիմակը արագ ուղղում է, ինքն ո՞ւմ է խաբում: Ինքն իրեն է խաբում»,-ասաց Փաշինյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայնեց վարչապետի հետ՝ ասելով. «Այո, հնարավոր չի ոչ կարգապահ բիզնեսը հաջողի, հնարավոր չի, երբ խաղի կանոնները բոլորի համար հավասար չեն, մեծ առաջընթաց ապահովել: Բայց մենք ունե՞նք տնտեսական բլոկի հնարամտությունը նոր տեսլականները, որոնք կարող ենք ուրվագծել եւ ավելի պատրաստ ու հզոր տնտեսություն վարել»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Այո, եւ դա արտահայտված է մեր հակաճգնաժամային միջոցառումներում: Կառավարությունը որոշում է կայացրել, որ պատրաստ է մինչեւ 50 մլրդ դրամ հատկացնել հետաքրքրությունների հիմնադրամին, որպեսզի նա մասնավորի հետ համատեղ բիզնես նախագծեր իրականացնի, համոզված լինելով, որ դրանք հաջողված են: Մեկ այլ ծխրագրով մինչեւ 30 մլն դրամի դրամաշնորհ ենք տալիս տեխնոլոգիական ընկերություններին: Մեր պատկերացմամբ Հայաստանի ապագայի տնտեսությունը տեխնոլոգիական տնտեսությունն է: Մեկ այլ ծրագրով զրոյից բիզնես սկսելու հմտություններ ենք հաղորդում ՀՀ քաղաքացիներին, ընդ որում առաջին հերթին մարզաբնակ: Դասընթացն ավարտողներին պետական երաշխիքով վարկ ենք տալիս, որ գործ սկսեն»:





























