ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից հեռանալու փորձ կատարելիս ձերբակալվել է չինացի սպա, որի մոտ եղել են բժշկական հետազոտության նյութեր, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ:

Ըստ երկրի արդարադատության նախարարության հայտարարության՝ ձերբակալված չինացին ավելի վաղ տուրիստական վիզա ստանալու համար հայտում կեղծ տեղեկություն էր ներկայացրել՝ նշելով, որ մասնակցում է փորձի փոխանակման ծրագրին:

Ամերիկյան գերատեսչությունը հրապարակել է նաեւ ձերբակալվածի անունը. գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ նա Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի գիտնական եւ սպա Սի Վոնգն է:

Նա կալանավորվել է Լոս Անջելեսի օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Տյանցզին ուղեւորվող չվերթով:

Վոնգին առաջադրվել է վիզա ստանալու համար խարդախություն կատարելու մեղադրանք:

Վոնգը ԱՄՆ է եկել 2019 թվականի մարտի 26-ին՝ վիզա ստանալու հայտի համաձայն Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում հետազոտություն անցկացնելու համար: ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությամբ հայտում, այնուամենայնիվ, ոչ հավաստի տեղեկություն է նշված, ներառյալ այն պնդումը, որ Վոնգը զինվորական ծառայությունն ավարտել է 2016 թվականին, որը կատարվել էր վիզա ստանալու հավանականությունը մեծացնելու համար:

ԱՄՆ իշխանությունները պնդում են, թե Վոնգը խոստովանել է, որ ռազմական լաբորատորիայի ղեկավարից հրահանգներ է ստացել ուսումնասիրելու Սան Ֆրանցիսկոյում լաբորատորիայի ծրագրավորումը՝ այն Չինաստանում վերարտադրելու նպատակով: Դրանից բացի, նրան մեղադրել են ամերիկյան հետազոտության նյութերը Չինաստան ուղարկելու փորձի մեջ եւ այն բանում, որ նա դրանք արդեն ուղարկել է էլեկտրոնային փոստով:

Նա նաեւ իբր խոստովանել է, որ փոխհատուցում է ստացել Չինաստանի ժողովրդաազատագրական բանակից եւ երկրի Կրթաթոշակային խորհրդից:

ԱՄՆ Մաքսային եւ սահմանապահ վերահսկման աշխատակիցների հետ զրույցում Վոնգը խոստովանել է, որ «9-րդ մակարդակի» տեխնիկական մասնագետ է, ինչը չինական բանակում համարժեք է մայորի կոչմանը: