Եգիպտոսը բացում է ավիահաղորդակցումն ամբողջ ծավալով հուլիսի 1-ից, կիրակի հայտնել է երկրի քաղավիացիայի նախարար Մուհամեդ Մանար Ինաբան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդ որոշումը վերաբերում է ոչ միայն հանգստյան գոտիներին, այլ նաեւ Կահիրեին եւ Ալեքսանդրիայի մերձակայքում Բուրգ էլ-Արաբ օդանավակայանին։
Հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ վերականգնելու է ավիահաղորդակցումը միայն այն նահանգներում, որտեղ նոր կորոնավիրուսն ավելի քիչ է տարածված։
«Որոշվել է հուլիսի սկզբից բացել արտերկրյա զբոսաշրջությունը եւ վիրուսի հետեւանքով ավելի քիչ տուժած զբոսաշրջային նահանգների հետ ավիահաղորդակցումը»,-պարզաբանել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նադեր Սաադը։ Նախ դա վերաբերում է Հարավային Սինայի հանգստավայրերին, Կարմիր ծով եւ Մաթրուխ (Միջերկրական ծով) նահանգներին։





























