Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն արդեն քայլում է: Այս մասին այսօր` մայիսի 7-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով` չեմպիոնուհու ինքնազգացողությունը լավ է, նրան աստիճանաբար քայլեցնում են, իսկ երեկ Նազիկ Ավդալյանին տեղափոխել են հիվանդասենյակ: Շուշան Հունանյանը NEWS.am-ին հայտնեց, որ այսօր կրկին ծանրամարտիկին է այցելել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Նազիկ Ավդալյանին վիրահատել են` կատարելով ողնաշարի ֆիքսացիա: Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ մի քանի անգամ նրան էր այցելել նաեւ Հարություն Քուշկյանը:
Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:





























