ԿԺԴՀ-ի իշխանությունները նախազգուշացրել են Հարավային Կորեային երկրի զինված ուժերի կողմից «պատասխան գործողությունների» նախապատրաստման համար՝ քարոզչական թռուցիկների տարածմանն ի պատասխան, որոնք վիրավորում են ժողովրդական հանրապետության բարձրագույն ղեկավարությանը: Այս մասին նշվում է ԿԺԴՀ-ի կենտրոնական Rodong Sinmun թերթում հրապարակված մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր անհաղթ հեղափոխական բանակը պատասխան գործողություն կկատարի մեր ժողովրդին վիրավորելու համար, որը երբեք այդքան վրդովված չի եղել»,- նշվում է հոդվածում: Հարավային Կորեայի իշխանությունները «երբեք չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից մեր սրբազան ղեկավարության պղծման համար»,- նշում են մեկնաբանության հեղինակները: Ըստ նրանց՝ վրեժխնդրությունը «կշարունակվի մինչեւ վերջ»: «Պատասխան ծրագրերը, որոնք հիմնված են մարդկանց սաստիկ զայրույթի վրա, միաձայն մեր ազգային կոնսենսուսի են վերածվել»,- ընդգծվում է հոդվածում:

Կորեայի Լեյբորիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրն է, հայտարարել է, որ Փհենյանը մտադիր է մոտ ապագայում անել «հաջորդ քայլը»՝ ի պատասխան Սեուլի կողմից քարոզչական թռուցիկների ուղարկմանը: Մասնավորապես, նա հայտնել է «հարավկորեական կողմի հետ հարաբերությունների խզման» անհրաժեշտության մասին եւ շեշտել է, որ հետագա գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը «կվստահվի Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբին»:

Հունիսի 9-ից ԿԺԴՀ-ն արգելափակել է Հարավային Կորեայի հետ հաղորդակցման բոլոր գծերը՝ քարոզչական թռուցիկների տարածմանն ի պատասխան՝ այդ գործողությունները համարելով թշնամական գործողություն, որը խախտում է միջկորեական խաղաղության պայմանագրերը: Մասնավորապես, անջատվել էին ​​միջկորեական մշտական կապի գրասենյակում գտնվող բոլոր հեռախոսները, այդ թվում՝ հաղորդակցման կապը Հյուսիսի եւ Հարավի զորքերի միջեւ, ինչպես նաեւ՝ երկու երկրների ղեկավարություններին կապող թեժ գիծը: