Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Նա նաեւ նշել է. «Սակայն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար։
#ԱյոԺողովրդավարությանը»:
Նշենք, որ երկար ժամանակ է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր է, իսկ գիտխորհրդի նիստը տեւական ժամանակ է հետաձգվում էր։
Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ հունիսի 9–ին NEWS.am-ը զրուցել էր ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ, որը այս գործընթացի ձգձգման համար մեղադրել էր ԿԳՄՍ նախարարին։
«Պետք է ընդունենք, որ ձեւավորվում է հոգաբարձուների նոր խորհուրդ, որը կարող ենք ասել նաեւ խախտումով է, որովհետւ նախորդ խորհրդի ժամկետը լրացել էր մարտի 30–ին եւ ըստ կարգի պետք է 40 օր հետո ձեւավորվեր նոր խորհուրդ, բայց ինչպես տեսնում եք նոր է ձեւավորվում եւ դրա միակ մեղավորը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, քանի որ նա պետք է սկիզբ տար այս գործընթացին։ Այս պրոցեսի ձգձգումը մեզ շատ ենթադրություններ անելու տեղիք է տալիս։ Օրինակ՝ նոր օրենքի նախագիծը հաստատվի ԱԺ–ում, որն իրենից ենթադրում է նոր լուծումներ, եթե ներկայում խորհուրդը 32 անդամից է բաղկացած, ապա նոր օրենքի նախագծով այդ կազմը փոփոխվում եւ դառնում է 12 անդամ, որտեղ 6–ն իշխանության ներկայացուցիչներն են, 3 ներկայացուցիչ բուհից, ուսանողների թիվը 1 է դառնում եւ այլն։ Փոխվում է նաեւ ռեկտոր առաջադրվելու համար չափանիշների պահանջը, եթե հիմա դոկտոր–պրոֆեսոր պետք է լինի, ապա այդտեղ այդ ցենզն էականորեն իջնում է՝ կառավարչական փորձ ունեցող անձինք»,– ասել էր Ափոյանը։





























