Ամեն ինչ պետք է անել Հանրապետությունը փրկելու համար։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին ու դրա դեմ պայքարին։

«Դարձել ենք աշխարհի վատագույն երկրներից մեկը։ Հիվանդների թվով 6-րդ տեղում ենք։ Երկիրը  պետք է փրկել, երկիրը պետք է կառավարի մի մարդ, որն ի վիճակի է պայքարել համաճարակի դեմ եւ հաղթել։ Մեր կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ծրագիր, իդեա, մեխանիզմ, մոդել», ասել է տնտեսագիտության դոկտորը։

Ի պատասխան՝ «չհամարձակվեք այս պայմաններում իշխանությունների գործողություններին խոչընդոտել» Փաշինյանի հայտարարության մասին մեկնաբանի հիշեցմանը, Հրանտ Բագրատյանը շեշտել է՝ «ես համարձակվում եմ»․

«Դու արգելում ես մեզ մտածե՞լ։ Դու ո՞վ ես։ Տղա ջան, գնա կառավարիր։ Իսկի բարձրագույն կրթություն չունես, դու ոչ մեկին լսելու կարողություն չունես, որովհետեւ ինտելեկտ չունես։ Փաշինյանը չի լսում մարդկանց, որովհետեւ վտանգ կա՝ կհասկանա՞, թե՞ չէ։ Ես՝ Հրանտ Բագրատյանս, նստած մտածում եւ ասում եմ՝ վիճակը շատ բարդ է, մի կողմ դնենք Արցախի, Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ մյուս հարցերը, կենսաբանական աղետի առաջ ենք կանգնած»։

Պարոն Փաշինյանն ասում է՝ պետք է դիմակ կրեք, սոցիալական հեռավորություն պահեք, հիշեցրել է մեկնաբանը․ 

«Պարոն Փաշինյանը շատ բան է ասում, դա տասներորդական հարց է։ Մեր երկիրն ավելի վատ վիճակում է, քան այն երկրները, որոնք ոչինչ չեն արել վարակի տարածման դեմն առնելու համար։ Թվարկեմ միայն երեքին՝ Շվեդիա, Բելառուս, Բրազիլիա։ Շվեդիայի վարչապետը ներողություն խնդրեց, Լուկաշենկոն ձայն չի հանում, բայց մենք այսօր Բելառուսին անցել ենք; Այդ երկիրն ունի 300 մահացած, մենք պաշտոնապես 285, բայց իրականում 550։ Մենք ունենք 600 հիվանդ 100 հազար բնակչին, Բելառուսը 554, մենք անցել ենք։ Նիկոլը անընդհատ ծիծաղում էր Բելառուսի վրա, բանանային էր ասում եւ այլն, բայց նրանք ունեն գրեթե 55 տոկոս բուժված հիվանդ, մենք՝ 37։ Մահերը մեր երկրում հասնելու են օրական 40-50-ի», ասել է Հրանտ Բագրայանը։

Շարունակելով վիճակագրական տվյալներ ներկայացնել, նախկին վարչապետը նշել է, որ 80 միլիոնանոց Գերմանիայում օրական վարակվում է 2 մարդ, այստեղ 600-ից ավելի․

«Ասելով, թե մենք զարգացած երկրների չափ ենք տուժել, պարոն Փաշինյանը պարզապես ստում է։ Վարակվածների թվով առաջին տասնյակում ենք, մահերի թվով՝ առաջին քսանյակում, իսկ բուժման տոկոսով՝ ամենավատ 30 երկրների շարքում»։

Բագրատյանի խոսքով՝ վարչապետը ոչ թե պայքարել է կորոնավիրուսի դեմ, այլ խրախուսել է դրա տարածումը․

«Արտակարգ դրություն ինչի՞ ես հայտարարում, դրա իմաստն այս դիմակը կրելն է՞, կարող էիք որոշում ընդունել եւ պարտադրել։ Կամ պարետը․․․ Դա ի՞նչ պաշտոն է։ Բոլոր երկրները, որոնք հաղթել են կորոնավիրուսը, հայտարարել են կարանտին։ Կարանտին նշանակում է գիլյոտին, նշանակում է Պողոսը Պետրոսի հետ չպետք է շփվի։ Այս գյուղը չպետք է գնաք։ Մարտի 16-ին մտցնում եք արտակարգ դրություն, երեք ամսում վարավածների թիվն աճում է 800 անգամ։ Այս բաները որ ասում եմ, նա չի հասկանա, ինտելեկտ չունի։ «Չապաեւ» խաղացողը չի կարող շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ։ Այս մարդկանց 100 անգամ ասացինք՝ լվացեք փողոցները, չարեցին։ Երեք մեծ քաղաքները պետք է լվանային, չարեցին։ Մեր մուտքը մեկ անգամ են լվացել։ Քաղաքապետին հուշում եմ՝ փողոցները լվացեք, 300 ֆեյք են ինձ վրա ուղարկում։ Խաբում՝ ասում են, գիշերը լվանում ենք։ Սուտ են ասում։ Փողը պետք է հեռախոսով վճարել, հնարավորին խուսափել փողից առձեռն շրջանառությունից։ Կամ մանկապարտեզային որոշումը՝ ծերերը գան թոշակ ստանալու 10-ից 12-ը։ Գան վարակվե՞ն։ Կարանտին չի եղել ընդհանրապես»։

Արտակարգ դրություն պետք չէր, պետք էր կարանտին, կրկնել է Հրանտ Բագրատյանը․

«Արտակարգ դրության նպատակը քաղաքական հավաքներն արգելելն է։ Այսինքն՝ արտակարգ դրություն չկա։ Վաղը նա դատի է ենթարկվելու, հայ ազգին կենսաբանական զոհ դարձնելու համար։ Հիմա որ այդքան ասում է՝ դիմակ կրեք, թող այդ մաֆիոզին՝ առողջապահության նախարարին հանի, նա էր ասում՝ դիմակ մի կրեք։ Ասում է՝ ձեռքով կարեք դիմակները, ձեռք ե՞ք առնում։ Նա հիմա մտածում է՝ ինչ-որ տեղ կորոնավիրուսը երկարաձգում է իր իշխանությունը։ Երեք բուժհիմնարկ են տանում մարդկանց, մյուս տեղերը չեն տանում, որպեսզի պետպատվերի փողը յուրայիններին տան։ Լավագույն դեպքում 5-6 մարդու մեկ սենյակում լցնում, մի քանի օր չեն մտնում նրանց սենյակ, հետո, համեմատաբար երիտասարդներին ասում են՝ գնացեք տուն, ձեզ բան չի լինի։ Առանց թեստ անելու տուն են ուղարկում, ես սա պաշտոնապես հայտարարում եմ»։