ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը մոտավորապես կեսով՝ մինչեւ 25 000 կրճատելու իր մտադրությունը, եթե Անգելա Մերկելի կառավարությունը չավելացնի պաշտպանության ծախսերը:
«Գերմանիան երկար տարիներ չի կատարել իր պարտավորությունները: Մենք պաշտպանում ենք Գերմանիային, իսկ նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները»,- լրագրողներին ասել է նա:
Թրամփը ասել է, որ Մերկելը առեւտրի ոլորտում փոխզիջում է առաջարկել, սակայն նշել է, թե գոհ չէ այդ առաջարկից: «Եթե նրանք չվճարեն, մենք կկրճատենք մեր զինվորների թիվը մոտ կեսով»,- ասել է Թրամփը:
Թրամփը վաղուց դժգոհում էր, որ Գերմանիան նշանակալի ներդրում չունի Եվրոպայի պաշտպանության մեջ: Երկիրը չի ձգտում հասնել ՆԱՏՕ-ի նպատակին, որի համաձայն դաշինքի անդամները զինված ուժերի վրա պետք է ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:





























