ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կխախտի օրենքը, եթե հրապարակի իր գիրքը:

Նա «ծայրաստիճան ոչ տեղին» է անվանել այն փաստը, որ Բոլթոնը հուշեր է գրում Սպիտակ տանը իր աշխատանքի մասին, եւ հայտարարել է, որ գիրքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն: Թրամփը նաեւ ենթադրել է, որ գրքում պարունակվող մանրամասները կարող են չհամապատասխանել իրականությանը, քանի որ Բոլթոնը «ինչպես հայտնի է, շատ է ստում»:

Ինչպես նշում է Hill-ը, Թրամփի վարչակազմը նախատեսում է դատական հայց ներկայացնել, որպեսզի կանխի հունիսի վերջին Բոլթոնի հուշերի հրապարակումը:

Բոլթոնը պլանավորում է իր «Սենյակը, որում դա տեղի է ունեցել» հուշերը հրատարակել հունիսի 23-ին։

Սպիտակ տան փաստաբանը ասել է, որ ձեռագիրը դեռ պարունակում է դասակարգված նյութեր, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության համար: Սպիտակ տունը հայտնել է, որ Բոլթոնին ձեռագրի խմբագրված օրինակը կտրամադրի հրատարակվելուց չորս օր առաջ՝ հունիսի 19-ին:

Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը կարծում է, որ Սպիտակ տունը փորձում է ազգային անվտանգությունը որպես «պատրվակ» օգտագործել՝ Բոլթոնին գիրքը գրաքննության ենթարկելու համար։

Սպասվում է, որ նրա հուշերում կներկայացվի Թրամփի օրոք Սպիտակ տան ոչ հաճելի պատկերը: