Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հարենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 66-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին ու քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի ժողովորդին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես  ասված է. «Համոզված եմ, որ այդ տարիների անգնահատելի ժառանգությունը` մեր ժողովուրդներին համախմբող համերաշխությունն ու միասնությունը, այսուհետ եւս  հայ-ռուսական դաշնակցային եւ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հիմք կծառայեն»:

Մեդվեդեւը նաեւ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Այդ դժվարին տարիներին մեր ժողովուրդների ցուցաբերած արիությունն ու հերոսությունը միշտ Հայրենքին նվիրվածության եւ անմնացորդ ծառայելու օրինակ կլինեն:  Մեր պարտքն է թույլ չտալ պատմությունը վերախմբագրելու ցանկացած օրինակ, երիտասարդ սերնդի մեջ դաստիարակել հայրենասիրություն եւ հպարտություն մեր ընդհանուր պատմության հանդեպ»:

Մեդվեդեւը նշել է, որ բարձր է գնահատում Երկրորդ համշխարհայինի արդյունքների վերանայումը թույլ չտալու Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը. «Համոզված եմ, որ պատմական հիշողության պահպանումը թույլ կտա հետագայում եւս աջակցել  մեր ժողովուրդների միջեւ բարեկամական ավանդույթների եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, կհամապատասխանի Կովկասում անվտանգության եւ կայունության շահերին»:

 ՌԴ նախագահը նաեւ շնորհավորել է Վրաստանի ժողովրդին:  «Ռուսաստանը միշտ էլ հավատարիմ է եղել եւ մնում վրաց ժողովրդի հետ բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների դարավոր ավանդույթներին: Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել բարգավաճող եւ ազատ պետություն,  որը խաղաղ կգոյակցի իր բոլոր հարեւանների հետ», - մասնավորապես ասված է Մեդվեդեւի ուղերձում: