«Հուլիսին Դոնալդ Թրամփի զարմուհին կհրապարակի հուշեր, որոնք «պայծառ լույս կսփռեն ԱՄՆ նախագահի ընտանիքի մութ պատմության վրա»,- ասել է Simon & Schuster-ը:
Մերի Թրամփի «Չափազանց շատ եւ երբեք ոչ բավարար. ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գիրքը լույս կտեսնի հուլիսի 28-ին:
Սա առաջին դեպքն է, երբ Թրամփի ընտանիքի անդամը անշարժ գույքի նախկին մագնատի եւ ռեալիթի-շոուի աստղի մասին իրական պատմությունն է հրապարակում։
55-ամյա Մերի Թրամփը նախագահի ավագ եղբայր Ֆրեդ Թրամփի դուստրն է: Ֆրեդը մահացել է 1981թ․, 42 տարեկան հասակում՝ ալկոհոլիզմի հետեւանքով բարդությունների պատճառով:
240 էջանոց գիրքում մանրամասն նկարագրված են այն իրադարձությունները, որոնց ականատեսն է նա եղել մանկական տարիներին՝ ժամանակ անցկացնելով Նյու Յորքի Քվինս շրջանում ապրող պապիկի եւ տատիկի տանը, որտեղ մեծացել են հորեղբայրն ու նրա չորս եղբայրներն ու քույրերը: «Նա պատմում է տրավմաների մղձավանջի, կործանարար հարաբերությունների եւ անուշադրության ու դաժան վերաբերմունքի ողբերգական համադրության մասին»,- ասվում է Simon & Schuster-ի գովազդում:
Մերի Թրամփը գրում է, թե նախագահը, չնայած իր հոր սիրելի որդին էր, «լքեց եւ ծաղրում էր նրան», երբ նա սկսեց տառապել Ալցհեյմերով: Գրքում նա բացատրում է, թե «ինչպես են կոնկրետ իրադարձությունները եւ ընդհանուր ընտանեկան պատկերը ստեղծել վնասված մարդու, ով ներկայում զբաղեցնում է Օվալաձեւ գրասենյակը»,- ասում է հրատարակիչը:
«Միայն նա կարող է պատմել այս հետաքրքիր պատմությունը, քանի որ նա միակ Թրամփն է, ով ցանկանում է ճշմարտությունն ասել աշխարհի ամենահզոր եւ անհաջող ընտանիքներից մեկի մասին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:





























