Ռուսաստանի Քննչական կոմիտեն (ՌՔԿ) ավարտել է քրեական գործի հետաքննությունը «օրենքով գողի» դեմ, որը մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու եւ ուղղիչ գաղութի գործունեությունը խաթարելու մեջ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Տվերի մարզում ՌՔԿ բաժնի մամուլի ծառայությանը:

Խոսքը Արթուր Մոլոդոյի (Արթուր Աթաբեկյան) մասին է, որը աղմկոտ  պատմության կենտրոնում է հայտնվել գողական ուղերձում Ադրբեջանի գլխավոր «օրենքով գողի» ստորագրությունը կեղծելու պատճառով: Նա փորձել է քրեական ավանդույթներ հաստատել կալանավայրում, պարզաբանում է «PrimeKraim»-ը: Դատարանը պետք է գնահատի նրա գողական վարքի ազդեցությունը դատապարտյալների վրա, գործի նյութերը ուղարկվել են ըստ էության քննության:

Հետաքննության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2016թ․ դեկտեմբերին մեղադրյալը ճանաչվել է «օրենքով գող»: 2018-ին նրան ուղարկել են պատիժը կրելու Տվերի շրջանի ուղղիչ գաղութում (ИК-6): Այնտեղ տղամարդը կատարել է կալանավայրի  կանոնների 789 խախտում, որի համար նրան քանիցս  տեղափոխել են մենախուց եւ տուգանային մեկուսարան:

2019թ․ հոկտեմբերին «օրինքով գողը» հարձակվել է ИК-6-ի աշխատակիցների վրա, հարվածել է նրանց՝ ցանկանալով բարձրացնել իր քրեական հեղինակությունը դատապարտյալների շրջանում: Պատիժը կրելու ընթացքում մեղադրյալը աշխատողներին եւ դատապարտյալներին հայտնել է, թե ինքը քրեական կարգավիճակ ունի, «օրենքով գող» է՝ պահանջելով, որ ենթարկվեն իր կամքին, ցուցումներին եւ կարգադրություններին:

Արթուր Մոլոդոյը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ այն բանի համար, որ 2017-ի մարտին ընկերների հետ Դոնի Ռոստովի բնակչին ծեծի է ենթարկել՝ գողական գաղափարներ քարոզելով: Տուժածը ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք որակվել են որպես առողջությանը հասցված ծանր վնաս:

2019-ի օգոստոսի 19-ին հաղորդվել է քրեական աշխարհում Արթուր Մոլոդոյի պատճառով բարձրացած աղմուկի մասին: Ադրբեջանի գլխավոր «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի, իր վրդովմունքն է հայտնել գողական «ուղերձում» իր ստորագրությունը կեղծելու կապակցությամբ: Դրանում Քութայիսի գողական կլանի հեղինակությունները ազատազրկման վայրերում գտնվող բանտարկյալներին կոչ էին անում նոր «օրենքով գող» Աթաբեկյանին «պատշաճ կերպով» վերաբերվել։