ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ատլանտայում ոստիկանների կողմից սեւամորթ Ռեյշարդ Բրուքսի սպանությունը: ԱՄՆ առաջնորդը խորհուրդ է տվել իրավապահներին դիմադրություն ցույց չտալ, հայտնում է Fox News-ը:
«Դուք չեք կարող ոստիկանության սպային այդ կերպ դիմադրություն ցույց տալ: Դա սարսափելի հակասական ավարտ ունեցավ: Ու տեսեք՝ դա ինչպե՞ս ավարտվեց: Շատ վատ, շատ»,- ասել է պետության ղեկավարը: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ոստիկանության հետ անազնիվ են վարվում: Նախագահը արդարացի դատավարության հույս է հայտնել:
Սպիտակ տան ղեկավարը վկայակոչել է նաեւ սպանության մեջ մեղադրվող հեռացված ոստիկան Գարեթ Ռոլֆի փաստաբանին: Իրավաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը լսել է կրակոցի նման ձայն եւ տեսել լույսի բռնկում, այնուհետեւ կիրառել է հրազենը:
Ատլանտայում բողոքի ցույցեր են սկսվել աֆրոամերիկացի Ռեյշարդ Բրուքսի մահվան պատճառով, ում ձերբակալելիս ոստիկանը նրա վրա կրակել էր: Հարբած տղամարդը քնած էր ֆասթֆուդի ռեստորանի կայանատեղիում, ինչի համար ձերբակալվել է: Սակայն սկսել է դիմադրել, իրավապահից խլել է էլեկտրաշոկերը, հարվածել Ռոլֆի դեմքին եւ փորձել փախչել: Ոստիկանը կրակ է բացել: Բրուքսը ստացած վնասվածքների հետեւանքով հիվանդանոցում մահացել էր:
Ցուցարարները հիմա իշխանություններից պահանջում են կանխել ոստիկանների կողմից ուժի չափից ավելի շատ կիրառումը, ինչպես նաեւ ապահովել աֆրոամերիկացիների իրավունքների պահպանումը: Իսկ սպանության մեջ մեղադրվող Ռոլֆին սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Նրան մեղադրանք է առաջադրվել 11 հոդվածով:





























