Ոստիկանության Մասիսի բաժնում այսօր` մայիսի 9-ին ժամը 09:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիսի Խաչփառ գյուղում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Բեգլարյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Արտաշատ-Հովտաշատ ավտոճանապարհի Խաչփառ գյուղի հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի 16 ՍՍ 588 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Արթուր Սիմոնյանը, ըստ նախնական տեղեկությունների, շրջադարձի հատվածում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, եւ այն բախվել է ծառին:

Նշված ավտոմեքենայի մեջ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են վարորդի դիակը, որը մեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Մասիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները: Նրանք հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են հանել դիակը, որ տեղափոխվել է  Մասիսի դիահերձարան:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի բաժնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Թադեւոսյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Մասիսի ոստիկանության տուգանային հրապարակ:

Արդեն հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի