Պետությունը պետք է անի ամեն բան, որպեսզի վետերաններին ապահովի արժանապատիվ ապրելակերպով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, հասարակությունը եւ պետությունը չեն կարող լիարժեք համարվել, եթե չեն անում հնարավոր ամեն բան` հանուն այն մարդկանց, ովքեր, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, խաղաղություն եւ հանգստություն են ապահովել ապագա սերունդների համար։
«Սակայն պետք է իրատես լինել։ Պետությունը ելնում է իր իրական հնարավորություններից։ Մեր երկրում բարձր է աղքատության մակարդակը, եւ դա եւս անդրադառնում է վետերանների վրա։ Ցավոք, այսպիսինն են մեր հնարավորությունները։ Ոչ ոք չի ասում, թե միջոցները բավարար են, եւ պետությունն անում է ամեն բան, որպեսզի ընդարձակի դրանք»,- նշեց նա։
Պատգամավորի կարծիքով, վետերաններին ավելի շատ այլ խնդիր է անհանգստացնում՝ հասարակության անտարբերությունը։ Զոհրաբյանը նշեց, որ այդ խնդիրն ավելի ու ավելի արդիական է դառնում։ «Խնդիրը նրանում է, որ մենք վետերաններին չպետք է հիշենք միայն մայիսի 9-ին։ Պետք է օգնել նրանց վերադառնալ հասարակություն, ինտեգրվել»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանում եռատոն է: Նշվում է Շուշիի ազատագրման տոնը, ԼՂՀ պաշտպանության բանակի օրն ու Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը:





























