Հեղափոխական Վլադիմիր Լենինի երկմետրանոց արձանը տեղադրվել է Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում՝ երկրի Մարքսիստական-լենինյան կուսակցության (MLPD) նախաձեռնությամբ՝ չնայած աջակողմյան ծայրահեղականների, քաղաքի վարչակազմի եւ Քրիստոնեադեմոկրատական միության դիմադրությանը, որի անդամն է նաեւ կանցլեր Անգելա Մերկելը, հեռախոսով «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կուսակցության ներկայացուցիչ Պետեր Վայսպֆենինգը:

«Արձանը ձուլվել է Չեխոսլովակիայում՝ 1957-ին, դա Լենինի առաջին առանձին արձանն է այդ երկրում: Մենք այն ebay-ով ենք գնել Ավստրիայից մի վաճառողից, «թավշյա հեղափոխությունից» հետո է այն հայտնվել այնտեղ: Մենք որոշեցինք այն գնել եւ տեղադրել, քանի որ Արեւմտյան Գերմանիայում մինչ այժմ չի եղել Լենինի որեւէ կիսանդրի կամ արձան»,- պատմել է Վայսպֆենինգը:

MLPD-ի ներկայացուցչի խոսքերով՝ խոսքը 2 մետր 15 սանտիմետր բարձրությամբ չուգունե արձանի մասին է, այն կանգնած է պատվանդանի վրա, որին փակցված է ցուցանակ`Լենինի մասին տեղեկատվությամբ: Հուշարձանի տեղադրման որոշումը ի սկզբանե քաղաքի վարչակազմի, աջակողմյան կուսակցությունների, ինչպես նաեւ կենտրոնամետ պահպանողական ՔԴՄ-ի՝ Գերմանիայի խոշորագույն կուսակցություններից մեկի բողոքն է հարուցել:

«Սկզբում քաղաքային վարչակազմը հայտարարել է, որ հուշարձանը չի կարելի տեղադրել... հուշարձանների պահպանության մասին օրենքի պատճառով, քանի որ այն շենքի ճակատը, որը մեզ է պատկանում եւ արձանից մոտ 30 մետր հեռավորությամբ է գտնվում, պետության կողմից պահպանվում է որպես պատմական հուշարձան: Մեր տեղեկություններով՝ նման դիրքորոշում է հայտնել քաղաքապետը, սակայն մենք դիմել ենք դատարան, որը հայտարարել է, որ, իհարկե, արձանը կարող է տեղադրվել»,- պատմել է Վայսպֆենինգը:

Քաղաքային վարչակազմն այնուհետեւ բողոք էր ներկայացրել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի Գերագույն վարչական դատարան, որը կրկին մերժել էր իշխանությունների հայցը: