ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարությունից։

Այսօր` հունիսի 22-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի եւ բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաեւ շինանյութի վաճառքի մի քանի կետերի: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները եւ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ:

Խնդիրներ չեն արձանագրվել հագուստի վաճառքի դիտարկված կետերում: Խանութներում առկա են եղել հատուկ փակ աղբամաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերը եւ ջերմաչափման գրանցամատյանները:

Նշված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են: