Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գրքում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական վերաբեմունքը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ առեղծված է:

«Ինչ վերաբերում է Պուտինի գնահատականներին, նա երբեք կարծիք չի հայտնել, թերեւս՝ իմ առջեւ: Ես երբեք չեմ հարցրել, թե ինչ է մտածում Թրամփը, հնարավոր է վախենալով նրանից, ինչ կարող եմ լսել: Ռուսաստանի առաջնորդի նկատմամվ նրա անձնական վերաբերմունքը առեղծված էր մնում»,- Բոլթոնի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ վախենում էր Թրամփին դեմ առ դեմ թողնել Պուտինի հետ 2018-ի հուլիսին Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ:

«Ես չգիտեի, թե նա ինչ է ասելու»,- պատասխանել է Բոլթոնն ABC News-ին տված հարցազրույցում ​​հարցին, թե ինչու էր նա վախենում դեմ առ դեմ թողնել Թրամփին Պուտինի հետ: Բոլթոնը Պուտինին նկարագրել է որպես խելացի եւ ուժեղ առաջնորդ, ով գիտի իր զրուցկցին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել էր, որ Բոլթոնը «խախտել է օրենքը»՝ հրապարակելով հուշեր, որոնք «հսկայական քանակությամբ գաղտնի տեղեկատվություն» են պարունակում:

Սպիտակ տանը նաեւ հայտարարել են, որ մտադիր են զրկել Բոլթոնին հուշերի վաճառքից ստացված շահույթից: