Թերթն անդրադառնում է «Եվրատեսիլ-2011» մրցույթին եւ նշում, թե գերմանական ARD-ի հաշվարկներով այս տարի շոուին հետեւելու է մոտ 120 միլիոն ակնդիր, իսկ Esprit արենայում, որը բացօթյայից վերածվել է լույսերով ողողված փակ տարածքի, գրեթե 36 հազար հանդիսատես են ակնկալում, ESC-ի պատմության մեջ նման մեծ դահլիճ դեռ չի եղել:
«Դյուսսելդորֆն ուզում է ոչ այնքան զարմացնել, որքան շեշտել առաջատարի իր համբավը. Այսպես` Հյուսիսային տրիբունայի առջեւ 60 մ լայնությամբ, 18 մ բարձրությամբ LED լուսային պատը թարմացվում է` հատուկ մթնոլորտ ապահովելով յուրաքանչյուր մասնակցի ելույթի համար: ARD-ի թղթակցի ասելով, մասնակիցներից շատերը փորձերի ժամանակ էլ չեն պատկերացնում, թե ինչ ասել է արենայի բեմ, ելույթ` այսքան մեծ լսարանի առջեւ:
Գերմանիայում ոմանք ծիծաղում են, ոմանք Եվրոտեսիլը սպորտային միջոցառում համարում, բայց չգիտես ինչու ամենամեծ շոուի ակնդիրների թիվը գնալով ավելանում է` երեւի նաեւ այն պատճառով, որ միավորներ տալու գայթակղությունն այդուհանդերձ լուրջ մրցակցությունը մոտեցնում է խաղի սահմանագծին:
...Այսօր` մայիսի 10-ին ESC-ի առաջին կիսաեզրափակիչ փուլին ի թիվս մեր 3 հարեւանների մասնակցում է Հայաստանը. 4-րդ հորիզոնականում բեմ կբարձրանա Էմմին` «Բում-բում» երգով:
Գերմանական մամուլը երգի մասին դրական տրամադրությամբ է խոսում, ավելի շատ ներկայացնելով 2010-ի հաղթող Լենա Մայեր Լանդհութի մամուլի ասուլիսներում տված գնահատականը` Հայաստանի «Բում-բումը» մեր ավտոբուսում միշտ ենք երգում»(«էքսպրեսս») կամ «Հայաստանի երգը ամենաուրախ եւ cool երգն է»(«Ֆրանկֆուրտեր նոյե փրեսսե»): Հաջողություն մաղթելով Էմմիին, մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մաղթանքներին զուգահեռ Հայաստանից դուրս ապրողները կարող են Հայաստանին եզրափակիչ փուլ տանել իրենց անհոգնել sms քվեարկություններով»,- գրում է «Ազգը»:





























