«Ժամանակ» oրաթերթի տեղեկություններով, անցյալ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է լրջագույն պայքար սկսել երկրում քրեական միջավայրը բացառելու եւ հանցաշխարհի ներկայացուցիչներին խիստ հսկողության տակ առնելու ուղղությամբ։

«Ալիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ոստիկանության իր մերձավոր շրջապատին տեղեկացրել է հանձնարարականի մասին` նշելով, որ չի բացառվում, որ հաջորդ ցուցումը լինի ձերբակալել ազատության մեջ մնացած երեք «խոշոր» «օրենքով գողերին»` «Սուրոյին», «Զապին» եւ «Մանեթի տղա Սամվելիկին»։

Ալիկ Սարգսյանը իր ենթականերին հանձնարարել է գաղտնի կերպով հանցաշխարհի հիշյալ ներկայացուցիչներին զգուշացնել, որ շուտով նրանց դեմ որոնողական աշխատանքներ են ձեռնարկվելու։ Անցյալ շաբաթավերջից, իսկապես, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում նշված «օրենքով գողերին» հայտնաբերելու ուղղությամբ»,-տեղեկացնում է պարբերականը: