Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում այսօր` մայիսի 10-ին կայանալու է «Եվրատեսիլ-2011» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցելու է նաեւ հայ երգչուհի Էմմին` իր «Boom-Boom» երգով: Նա հանդես կգա չորրորդ համարի տակ:
«Եվրատեսիլ-2011»-ը կայանալու է Dusseldorf Arena-ում, որը տեղավորում է 24 հազար հանդիսական: Կիսաեզրափակիչներից յուրաքանչյուրում կմասնակցի 19 մասնակից, որոնցից հաջորդ փուլ կանցնեն 10-ը: Այնտեղ նրանց կմիանան «Մեծ հնգյակի»` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի եւ նախորդ տարվա հաղթող Գերմանիայի մասնակիցները: Հատկանշական է, որ Իտալիան վերադառնում է մրցույթ 13 տարի անց:
Բուքմեյքերները բարձր են գնահատում եզրափակիչ անցնելու Էմմիի շանսերը: Տարատեսակ ռեյտինգներում հաղթող է համարվում ֆրանսիայի Ամորի Վասիլին:
Նշենք, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն Հայաստանին բերեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Եվա Ռիվասը 7-րդն էր:





























