Այսօր` մայիսի 10-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), որտեղ կմասնակցի ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում կկազմակերպվի ցուցահանդես, ինչպես նաեւ մասնակից- երկրների շնորհանդեսներ, որի ընթացքում միջազգային ներդրողներին կներկայացվեն տվյալ երկրներում իրականացվող եւ իրականացվելիք խոշոր նախագծերը: Հայաստանի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 12-ին:
Այս միջոցառումը պոտենցիալ ներդրողների հետ հանդիպելու, համաշխարհային շուկաներում ներդրումային հեռանկարներին ծանոթանալու, միջազգային խոշոր ներդրումային ընկերությունների հետ փոխգործակցություն սկսելու նոր եւ բացառիկ հնարավորություն է ստեղծում:
Համաժողովի շրջանակում բացվել է ցուցահանդես, որն առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում պետական գործակալությունների ու մասնավոր ձեռնարկությունների համար ներկայացնելու իրենց երկրների տնտեսական ներուժը: Ցուցահանդեսում Հայաստանը եւս ունի իր տաղավարը, որտեղ Զարգացման հայկական գործակալությունից եւ Ազգային մրցունակության հիմնադրամից բացի, ներկայացված են եւս 4 մասնավոր ընկերություններ` իրենց ծրագրերով եւ ապրանքատեսակներով:
Հայաստանի համար համաժողովը կարեւորվում է ներդրումների ներգրավման, հայկական արտադրանքը արաբական շուկա դուրս բերելու, համատեղ փոխշահավետ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկման, գործակցության նոր ուղղությունների բացահայտման առումով:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի նաեւ համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղաններին, որոնք մասնավորապես նվիրված են ԱՄԷ-ի եւ Ծոցի երկրների ատեւտրային եւ ներդուրումային հնարավորություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացումներին, Չինական տնտեսության զարգացմամբ պայմանավորված նոր հնարավորություններին, արտաքին ներդրումների ուղիղ ներգրավման, ազատ գոտիների զարգացման հեռանկարներին, ներդրումային ռազմավարությունների մշակմանը եւ այլն: Կազմակերպվել են ներդրումային ոլոլտում փորձի փոխանակմանը վերաբերող սեմինարներ:
Մասնակից-երկրների շնորհանդեսների ժամանակ Զարագացման հայկական գործակալության եւ Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարները կներկայացնեն Հայաստանում իրականացվող այն խոշոր նախագծերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային նշանակություն:
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի ԱԳ, էկոնոմիկայի նախարարությունների, Զարգացման հայկական գործակալության, Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ, գործարարներ:





























