Հայաստանի երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա մայիսի վերջերին։ Մայիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

Նրա խոսքով, երիտասարդական խորհրդարանը, իրական խորհրդարանի օրինակով, բաղկացած է լինելու 131 անդամներից եւ 12 մշտական հանձնաժողովներից, որոնցից յուրքանչյուրն ունենալու է ընտրված նախագահ։ «Ինչ վերաբերում է երիտասարդական խորհրդարանի նախագահին, ապա յուրաքանչյուր նիստի ժամանակ կառույցն ունենալու է նոր խոսնակ՝ 12 հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախագահը՝ ամեն նոր նիստի ժամանակ»,- պատմեց Արտակ Դավթյանը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ երիտասարդների առաջադրման փաստաթղթերի ընդունման գործընթացն ավարտվել է դեռ ապրիլի 30-ին։

«Ներկայումս փաստաթղթերի ստուգման փուլն ավարտվել է, ինչից հետո ինքնաառաջադրված թեկնածուների համար առաջիկա շաբաթում թեստավորում եւ քննություն կանցկացվի։ Իսկ ինքնաառաջադրված անդամների թիվը կլինի 42, անդամների կազմում կընդգրկվեն նաեւ ազգային փոքրամասնությունների, քաղաքական տարբեր ուժերի, մարզերի ներկայացուցիչներ եւ հաշմանդամ երիտասարդներ։ Ընդ որում, երիտասարդական խորհրդարանի անդամ կարող են դառնալ 18-30 տարեկան անձինք։ Բոլոր 131 տեղերի ոչ պակաս, քան 30-35 տոկոսը կզբաղեցնեն իգական սեռի ներկայացուցիչները»,- ասաց Արտակ Դավթյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդներն աշխատելու են ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում։

Անդրադառնալով երիտասարդական խորհրդարանի գործունեությանը՝ Արտակ Դավթյանն ընդգծեց, որ կառույցի հիմնական գործառույթը լինելու է օրենսդիր իշխանության իրականացմանը խորհրդատվական մասնակցություն  ունենալը, ինչը երիտասարդներին ինքնադրսեւորվելու մեծ հնարավորություն եւ նպաստավոր հարթակ է տրամադրելու։ «Սա պառլամենտարիզմի հրաշալի դրեսեւորում է, որը կիրառվում է եվրոպական շատ երկրներում»,- ամփոփեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը՝ տեղին համարելով հիշեցնել, որ երիտասարդական խորհրդարանի անդամներն իրենց կատարած խորհրդատվական աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն ստանալու։ «Բացի այդ, երիտասարդական խորհրդարանը գործելու է մինչեւ 4-րդ գումարման Ազգային ժողովը լիազորությունների ավարտը»։  

Նշենք, որ երիտասարդական խորհրդարան հիմնելու կարգադրություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տվել էր մարտի 28-ին, ինչից հետո խորհրդարանի պաշտոնական կայքէջում տեղադրվել էր հայտերի ստացման վերաբերյալ համապատասխան հայտարարությունը։