Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ:

Նախագահ Օբաման իր աջակցությունն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանի և չպետք է փոխշաղկապվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին` հայ-թուրքական գործընթացին ցուցաբերվող աջակցության համար և կիսվել իր համահայկական ուղևորությունից ստացած տպավորություններով: ՀՀ նախագահն ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայության մտահոգությունները և մտավախությունները գործընթացի վերաբերյալ բնական են, հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայի կողմից ենթարկվել է ցեղասպանության, ինչի մասին նախագահ Օբաման բազմիցս է նշել իր ելույթներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի կողմից կատարված հսկայական միջնորդական աշխատանքի համար և ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը` առաջ շարժվելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի առանցը պետք է լինի ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, ինչը և ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիմքում: