Վիկինգների առաջնորդի տան մնացորդները, որ հայտնաբերվել են Իսլանդիայի տարածքում, փակուղի են մտցրել գիտնականներին՝ հնագետների կողմից պեղված օբյեկտը վկայում է այն մասին, որ կղզին վիկինգներով բնակեցված է եղել ավելի վաղ, քան նախկինում կարծում էին:

Հազվագյուտ գտածոն, ինչպես գրում է Live Science պորտալը, հայտնաբերվել է գյուղի եւ Ստադվաեւֆորդյուր ֆորտի ծայրամասում՝ Իսլանդիայի արեւելյան հատվածում:

Հնագետները հայտնաբերել են մ.թ. իններորդ դարի վիկինգների երկու կացարաններ՝ խոսքը ամառային բնակավայրի մնացորդների մասին է, որն իրենից ներկայացնում է մի քանի երկար տներ։ Երկար տները վիկինգների ավանդական համայնքային կացարաններն են, որոնցում կարող էր ապրել մի քանի ընտանիք: Իսլանդիայում հայտնաբերված տներից մեկը տեղական առաջնորդի կացարանն է եղել, գրում է Planet Today-ը:

«Մենք այստեղ գտել ենք բավական շատ արժեքավոր արտեֆակտներ, ուստի բարդ չէր ենթադրել, որ այս տունը պատկանել է մի մարդու, որը բարձր դիրք է զբաղեցրել սոցիալական հիերարխիայում: Ակնհայտ է, որ դա առաջնորդի տունն է»,- ասել է, Իսլանդիայի հնագետներից Բարնի Էյնարսոնը:

Իսլանդիայում հայտնաբերված վիկինգների տներից մեկը կառուցվել է տասնյակ տարիներ ավելի շուտ, քան տեղի է ունեցել կղզու «պաշտոնական» բնակեցումը։ «Համարվում է, որ Իսլանդիան մարդկանց կողմից բնակեցվել է մ.թ. իններորդ դարի վերջին, սակայն մեր հայտնաբերած բնակավայրի մնացորդները վերաբերում են իններորդ դարի առաջին կեսին: Այսինքն, Իսլանդիան բնակեցված է եղել ավելի շուտ, քան մենք կարծում էինք: Այս փաստը ստիպում է կղզու պատմությանն այլ տեսանկյունից նայել»,- աել է Էյնարսոնը: