1997թ․, ՏՆտեսական եւ սոցիալական խորհրդի խորհրդատվությամբ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 12-ի իր 52/149 բանաձեւով հունիսի 26-ը հռչակել է Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ-ի միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)։

Այս օրը նշվում է խոշտանգումներն արմատախիլ անելու եւ խոշտամնգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների դեմ բանաձեւի արդյունավետ գործողության ապահովման եւ 1987թ․ հունիսի 26-ին ուժի մեջ մտած պատժի կիրառման նպատակով։

Խոշտանգում նշանակում է ցանկացած գործողություն, որով միտումնավոր ուժեղ ցավ կամ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է պատճառվում որեւէ անձի՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկատվություն կամ խոստովանություն կորզելու նպատակով, որով պատժի են ենթարկվում այնպիսի արարքի համար, որը անձը կամ մի երրորդ անձ կատարել է կամ որի կատարման մեջ նա կասկածվում է, ինչպես նաեւ անձին կամ մի երրորդ անձի վախեցնելը կամ հարկադրելը՝ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված պատճառով:

Խոշտանգումները հանցագործություն են՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն։ Բոլոր համապատասխան փաստաթղթերում խոշտանգումները խստիվ արգելվում են եւ չեն կարող արդարացվել որեւէ պատճառաբանությամբ: Եվ ոչ մի բացառիկ հանգամանք, անկախ նրանից, թե այն ինչպիսին է, լինի դա պատերազմական վիճակ, պատերազմի սպառնալիք, ներքաղաքական անկայունություն կամ որեւէ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումները:

Վերադասի կամ պետական իշխանության հրամանը չի կարող խոշտանգումների արդարացում լինել։

Յուրաքանչյուր մասնակից-պետություն նախաձեռնում է արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական եւ այլ միջոցներ` իր իրավասության տակ գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումները կանխելու համար:

Խոշտանգումների հետեւանքով հետտրավմատիկ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են ճիշտ ժամանակին ցուցաբերված մասնագիտական ծրագրեր: Ամբողջ աշխարհում վերականգնողական կենտրոնների գործունեությունը ցույց է տալիս, որ խոշտանգումների զոհերը կարող են սկսել մոռանալ իրենց ապրած տառապանքների մասին, որպեսզի լիովին բուժվեն:

Նաեւ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի շրջանակներում գոյություն ունի խոշտանգումների զոհերի համար ՄԱԿ-ի կամավոր նվիրատվությունների հիմնադրամ, որը զբաղվում է խոշտանգումների զոհերի խնդիրներով, միջոցներ է հատկացնում այդպիսի մարդկանց եւ նրանց ընտանիքներին օգնելու համար: