Այսօր` մայիսի 11-ին «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի B ցուցակում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բորսայի մարքետինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտից:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1.4 մլն հատ բաժնետոմս: Հաշվի առնելով առաջին թողարկումը` շուկայում այսուհետ կշրջանառվի «Արցախ ՀԷԿ»-ի 7,36 մլն հատ  բաժնետոմս:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ԼՂՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50 տոկոսը: 2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված բաժնետոմսերը ձեռք բերվեցին տեղի եւ օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից: