Հայաստանում տարբեր ոլորտների տնտեսվարողները հաճախ են օգտվում պետական օժանդակությունից, որը կատարվում է հիմնականում ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության տեսքով: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության` աշխարհի շատ երկրներում մրցակցության պաշտպանության հանձնաժողովներն այս դաշտում մեծ գործառույթներ են իրականացնում: Հանձնաժողովները պետք է տեղեկացված լինեն, թե ինչու է օժանդակություն տրամադրվում տվյալ տնտեսվարողին եւ իրավասու են կատարել ուսումնասիրություններ՝ պարզելու այդ որոշման օրինականությունը:
Հայաստանում եւս պետությունը պարբերաբար պետբյուջեից գումարներ է հատկացնում բիզնես ծրագրերի աջակցման կամ բիզնեսի խթանման նպատակով, սակայն ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս դաշտում երբեեւէ ուսումնասիրություններ չի կատարել, թեեւ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություններ վերապահված են: Պետական օժանդակության ոլորտում կատարվելիք գործառույթների իրականացման հետ կապված Հանձնաժողովը հրավիրել է միջազգային փորձագետներ՝ Գերմանիայից եւ Լիտվայից՝ միջազգային փորձը ՏՄՊՊՀ մասնագետներին փոխանցելու եւ Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով:
Մրցակցային դաշտի ձեւավորման տեսանկյունից պետական օժանդակության ոլորտը եւս խիստ կարեւոր է, քանի որ ֆինանսապես աջակցելով մի տնտեսվարողի, հնարավոր է, որ անհավասար պայմաններ ստեղծվեն նույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար: Հանձնաժողովի դերն այս դաշտում կայանում է նրանում, որ բացառվեն խտրական մոտեցումներն ու անհավասար պայմանների ստեղծումը:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Պլեսինգը քննարկման ընթացքում անդրադարձավ Հանձնաժողովի դերին՝ այս ոլորտում: Նա նշեց, որ ըստ ԵՄ անդամ երկրների համար գործող միասնական ընթացակարգի, Հանձնաժողովը պետք է լինի տեղեկացված, երբ պետությունը պատրաստվում է տրամադրել օժանդակություն այս կամ այն տնտեսվարողին: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է վարել պաշտոնական հետաքննություն՝ պարզելու, թե որքանով է օրինական տրամադրված օժանդակությունը:
Պարոն Պլեսինգը բերեց մի օրինակ Գերմանիայի փորձից, երբ օրինակ Արեւելյան Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի կողմից կատարված հետաքննության արդյունքում բացահայտվել էին մի շարք ապօրինություններ՝ կապված պետական օժանդակութ յան հետ:
Տնտեսվարողներին պարտադրվել է հետ վերադարձնել ստացված գումարները: Փորձագետը նշեց, որ թեեւ որոշումն օրինական էր, սակայն դա հետեւանքով այդ ընկերություններից շատերը սնանկացան:
Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ՏՄՊՊՀ-ին թույլ է տալիս գործելու այս դաշտում, բայց այս մասով օրենդրությունը դեռեւս լիարժեք չէ եւ լրամշակման կարիք ունի: Օրենքի փոփոխությունների հետ կապված դրույթները եւս քննարկվեցին միջազգային փորձագետների հետ:




























