Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում` հարցաքնննության ժամանակ կորցրել է գիտակցությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ահրամ» պորտալը:

Երկրի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ադիլ աս-Սեյիդի խոսքով, հարցաքննության ժամանակ Մուբարաքը գտնվել է շատ գրգռված վիճակում, ապա անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը: Քննիչները ստիպված են եղել կես ժամով դադարեցնել հարցաքննությունը, որպեսզի բժիշկներն ուշքի բերեն նախկին նախագահին:

Հիշեցնենք, որ Մուբարաքը հրաժարական է տվել փետրվարի 11-ին` 18-օրյա բողոքի ակցիաներից հետո, որոնց հետեւանքով սպանվել է շուրջ 600 ցուցարար, մի քանի հազար մարդ վիրավորվել է:

Գլխավոր դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է կոռուպցիայի, պաշտոնական դիրքը չարաշահելու, անօրինականորեն հարստանալու եւ ցուցարարների դեմ ագրեսիվ գործողությունների դիմելու համար:

Ապրիլի 12-ին տեղի ունեցած հերթական հարցաքննությունից հետո, Մուբարաքը սրտի տագնապով տեղափոխվել է Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոց: Հաջորդ օրը դատախազությունը որոշել է 15 օրով կալանավորել Մուբարաքին եւ նրա որդիներին: Դրանից հետո կալանքի ժամկետը կրկին 15 օրով երկարացվել է: