Այսօր` մայիսի 11-ից ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում մեկնարկում է ՄԱԿ-ի կողմից հռչակված ճանապարհային անվտանգության «Գործողությունների տասնամյակը»: Հայաստանում կկազմակերպվի միջոցառումների շարք` նվիրված «Գործողությունների տասնամյակի» մեկնարկին:
Մայիսի 11-ին, ժամը 12.30 Հանրապետության հրապարակում` Աբովյան փողոցի սկզբնամասում բացօթյա ասուլիսով հանդես են եկել ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, այնուհետեւ նույն տեղում եւ Երեւանի այլ վայրերում կազմակերպվելու են ակցիաներ` ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ դպրոցականների մասնակցությամբ` կարգազանց հետիորտներին ուղղված:
Նշենք, որ Հայաստանում մեկ տարում ավտովթարների թիվը 2000-ի է հասնում, որոնց հետեւանքով մահանում է մոտ 300 մարդ:
Յուրաքանչյուր տարի ճանապարհային պատահարների հետեւանքով աշխարհում մահանում է 1,3 մլն մարդ: Պատկերավոր համեմատության համար` այդ թիվը հավասար է Երեւան քաղաքի բնակչության թվին: Յուրաքանչյուր 3 րոպե զոհվում է մեկ երեխա: Այս սարսափ ներշնչող ցուցանիշները ազդակ են հանդիսացել միավորելու ուժերը եւ միասին արմատախիլ անելու այս վտանգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների դիտարկման համաձայն, աշխարհում ճանապարհային երթեւեկության պատկերը հավասարեցվում է համընդհանուր աղետի, եւ եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչ 2020թ. ավտովթարների հետեւանքով մահն աշխարհում կդառնա մահացության հիմնական պատճառը:





























