Ճապոնիայում «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո Հայաստանը սեփական նախաձեռնությամբ վերագնահատել է Մեծամորի ատոմայականի անվտանգության մակարդակը եւ այժմ պատրաստվում է ընդունել հատուկ այդ նպատակով ժամանող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հանձնաժողովին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել  է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Կառավարության նիստերից մեկում ես անդրադարձել եմ այս հարցին, հանձնարարական է տրված էներգետիկայի նախարարին` բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, հաշվի առնելով Ճապոնիայի իրադարձությունները` եւս մեկ անգամ ռեւիզիայի ենթարկեն մեր անվտանգության բոլոր կանոնները եւ իրավիճակը»,- նշել է վարչապետը` հավելելով. «Այդ վարժությունը կատարված է, մենք սպասում ենք այս ամիս ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտացված միսիայի այցելությունը Հայաստան, որը երկու շաբաթ սթրես-թեսթային հարցերով անցնելու է, որպեսզի բացահայտի մեր ատոմակայանի ուժեղ եւ թույլ կողմերը»:

«Մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, եւ ինքներս, իհարկե, նախապատրաստական աշխատանքներն ենք կատարել համապատասխան` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ անցած շաբաթ Երեւանում Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն  հայտարարել էր, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից հետո Եվրոպան եւ ամբողջ աշխարհը ձգտում է միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել: