Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր` մայիսի 11-ին հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի հետ:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ՀԱԿ-ի առաջնորդը նշել է, որ թեեւ եվրոպական տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, այնուամենայնիվ այն այդքան էլ արդյունավետ չէ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության առաջ մղման առումով: Այս համատեքստում հիշատակվել է ԵԱՀԿ կառույցների իրարամերժ գնահատականները Հայաստանում կեղծված ընտրությունների վերաբերյալ, որոնց պաշտոնական արդյուքները չեն ընդունվել եւ ընդունվում ՀԱԿ-ի եւ հասարակության կողմից:
Տեր-Պետրոսյանը հիշեցրել է վերջին տարիներին իրականացրած համատարած հետապնդումները` սպանությունները, ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ձերբակալությունները, հազարավոր մարդկանց ահաբեկումները, գործարարներից բիզնեսների վրա հարձակումներն ու հափշտակումները, որոնք համատարած բնույթ ստացան ընտրություններից անմիջապես հետո եւ, փաստորեն անտեսվեցին Եվրոպայի կողմից:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման ճանապարհները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի պահանջների կատարումից հետո իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը եւ երկրում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:





























